Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Անձնական խնամք / Ատամները խոզանակելու լավագույն եղանակը

Ատամները խոզանակելու լավագույն եղանակը 28.08.2014

Հորիզոնական, ուղղահայաց, թե՞ շրջանաձեւ խոզականում. ո՞րն է ճիշտը: Իսկ որքա՞ն ժամանակ պետք է գործընթացը տեւի՝ 30 վայրկյա՞ն, թե՞ մեկ րոպեից ավելի: Ոմանք էլ կհարցնեն՝ որքա՞ն մածուկ պետք է օգտագործել, կամ՝ արդյո՞ք խոզանակելուց հետո ողողում է պետք:

 

Ատամների խոզանակումը ամենօրյա գործողություն է, բայց ամեն անգամ չէ, որ մտածում ենք, թե որն է դրա ճիշտ եղանակը: Իրականությունն այն է, որ հարցի պատասխանը ոչ-ոք, նույնիսկ արհեստավարժ ատամնաբույժները չեն կարող տալ: Համենայն դեպս, Լոնդոնի համալսարանական քոլեջի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն են այդ մասին վկայում, հաղորդում է Medical Daily-ն:

 

Փորձագետներն ատամների խոզանակման 10 երկրներում գործող ատամնաբուժարանների եւ մասնագիտական ասոցիացիաների կողմից քարոզվող եղանակներն են համեմատել, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանք մեծավ մասամբ հակադրություններով են բնութագրվում եւ կարող են այցելուների մոտ շփոթմունքի առաջացման պատճառ դառնալ:

 

«Հասարակությունն ատամների խոզանակման լավագույն եղանակի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու կարիք ունի: Այլապես՝ ատամնաբուժական ասոցիացիայից մեկ բան են լսում, ատամի մածուկ արտադրող ընկերությունից՝ բոլորովին այլ բան, իսկ երբ ատամնաբույժն է երրորդ կարծիքը հայտնում, շփոթմունքն այլեւս կարող է անխուսափելի դառնալ», - նկատել է հետազոտության ղեկավար, ուսումնական հաստատության հանրային ատամնաբուժության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Օբրի Շեյհամը:

 

Մասնավորապես, հետազոտության շրջանակում, մասնագետների՝ ատամների խոզանակման հաճախականության վերաբերյալ ցուցումներն են տարբեր եղել. օրական երկու կամ երեք անգամ: Որոշ դեպքում խորհուրդ են տալիս խոզանակը 45 աստիճան անկյան տակ պահել, որոշներն էլ քարոզում են, թե ուղղահայաց շարժումները հորիզոնականից արդյունավետ են: Ինչ վերաբերում է գործընթացի տեւողությանը, առաջարկվող միջակայքը 2-3 րոպեի շուրջ է տատանվում:

 

«Ոչ մի ապացույց չկա, որ բարդ շարժումները կարող են պատահական հետագծով խոզանակման նկատմամբ առավել բարձր արդյունավետություն ապահովել», - հեգնել է դոկտոր Շեյհամը՝ հավելելով, որ խոզանակի ատամների հետ մեղմ շփումն, այդուհանդերձ, էական նշանակություն ունի, ուստի 45 աստիճանի տակ հորիզոնական, փափուկ շարժումները, վնասվածքներից խուսափելու տեսանկունից, խոզանակման առավել հարմար տարբերակն են ներկայացնում: Ընդ որում, խոզանակը հարկավոր է գրչի նմանությամբ՝ երկու մատերով բռնել: 

 

Հետազոտության եւս մեկ մասնակից դոկտոր Ջոն Ուեյնրայթը խորհուրդ է տալիս խոզանակի շարժումները հատկապես մանրէների նկատմամբ խոցելի հատվածներում՝ կծվացքի մակերեսին եւ լնդերի հետ միացման երկանքով կենտրոնացնել:

 

Փորձագետների համոզմամբ, գործընթացը մեկ րոպեից երկար պետք է տեւի եւ օրական առնվազն երկու անգամ իրականացվի:

 

Սկզբնաղբյուր. med.news.am