Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Օգտակար խորհուրդներ / Երբ ակտիվանում են թունավոր օձերը

Երբ ակտիվանում են թունավոր օձերը 27.05.2016

Ամառը վերջապես եկավ։ Բոլորս էլ սիրում ենք այս եղանակին հաճախ լինել բնության գրկում։ Մեզանից բացի այս ժամանակը սիրում են նաեւ կենդանիները՝ հատկապես օձերը, կարիճները, բազմաթիվ միջատներ, որոնց հանդիպելը մեզ համար, թերեւս, այնքան էլ հաճելի չէ։ Պետք չէ նրանցից վախենալ, պարզապես՝ զգուշանալ։ 
Մարդիկ սովորաբար սարսափում են այդ կենդանիների հենց միայն տեսքից ու խուճապի մատնված` հաճախ չեն կարողանում ճիշտ գործել։

 

Կան վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն օձերի կծածներից մահացածների մոտ 40 տոկոսը մահանում է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Սակայն, իրականում, դրանք այնքան էլ սարսափելի չեն, եթե կարողանաք սառնասրտորեն կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ։ 
Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը` իժերի ընտանիքին պատկանող տափաստանային իժը,
Դարեւսկու իժը, փոքրասիական իժը եւ անդրկովկասյան գյուրզան։


Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում։ Փոքր կամ միջին չափերի օձեր են, մարմնի երկարությունը սովորաբար 30-60 սմ է։ Թունավոր օձ է, բայց նրա խայթելու հետեւանքով մարդկանց մահացու դեպքեր հայտնի չեն։
 


Դարեւսկու իժը  հանդիպում է Հայաստանի հյուսիսում։ Իր արտաքին տեսքով եւ մարմնի չափերով շատ նման է տափաստանային իժին։


Փոքրասիական իժը Հայաստանում տարածված է Արագածի հարավային լանջերից մինչեւ Մեղրու շրջան։ Միջին չափսերի՝ 60-120 սմ երկարությամբ օձեր են։ Շատ թունավոր եւ վտանգավոր են մարդու համար։


Անդրկովկասյան գյուրզան տարածված է Հայաստանի հարավային շրջաններում, այն շատ թունավոր օձ է, որի կծելուց հաճախ են լինում մահացության դեպքեր։ 

 

Օձերի այս 4 տեսակների թույնն ազդում է սրտանոթային համակարգի վրա։

 

Մեր երկրում  եղած  թունավոր օձերը  ունեն այնպիսի բնորոշ հատկանիշներ, որոնք չունեն ոչ թունավոր սողունները։ Նրանց  վերին ծնոտի առջեւի մասում տեղավորված են 2 խոշոր ժանիքատիպ ատամներ, որոնք կապված են թունավոր գեղձերի հետ։ 

Գլխի վերին մասը ծածկված է մանր, անկանոն դասավորված թեփուկներով, որոնք իրենց չափերով նման են մարմնի վրա գտնվող թեփուկներին։ Պոչն, ի տարբերություն ոչ թունավոր օձերի պոչի, կտրուկ ընդհատվում է։ Աչքերի բիբը ճեղքաձեւ է, այն դեպքում, երբ ոչ թունավորներինը՝ կլոր է։ Գլուխն ակնհայտորեն առանձնացած է պարանոցից։ 
Սակայն ոչ մասնագետի համար դժվար է արտաքին հատկանիշներով անսխալ զանազանել թունավոր օձը ոչ թունավորից։ Այնինչ
, օձի կծելուց հետո մաշկի վրա մնացած հետքերով կարելի է հեշտությամբ կողմնորոշվել։ 

Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր, որոնց միջեւ երեւում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարք ավելի մանր հետքեր։ Ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երեւում են չորս շարք երկայանական դասավորված կետիկներ։

Թունավորման վտանգավորությունը կախված է օձի չափսից, տարիքից, տեսակից, կծածների քանակից, տեղակայումից եւ խորությունից։ Առավել վտանգավոր են պարանոցի եւ գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի հետեւանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում։ Լուրջ են նաեւ իրանին եւ ձեռքի հատվածում կծածները, որովհետեւ այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում։ 
Կծելու ժամանակ թունավոր օձի թույնը ներարկվում է մարդու մարմին։ Կծած տեղում մարդն ուժեղ ցավ եւ այրոց է զգում։ Քիչ անց կծած տեղը կարմրում է եւ սկսում այտուցվել։ Այտուցը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց, փսխում։ Տուժածը կարող է ունենալ գլխապտույտ, տեսողության եւ խոսքի խանգարումներ։ Նկատվում են վերջույթների թուլություն կամ զգայունության կորուստ։ Տուժածի շնչառությունը դժվարանում է, անոթազարկը` հաճախանում։ Հնարավոր է արյունահոսություն բերանից, քթից եւ հետանցքից։
 


 Ի՞նչ անել 

Ոչ թունավոր օձի կծածի դեպքում վերքը լվացեք եւ ծածկեք մանրէազերծ վիրակապով։ Թունավոր օձի կծածի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։ Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը։ Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյուն դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեք, երբ վերքից այլեւս արյուն դուրս չի գալիս։ Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։ Հանեք բոլոր զարդերը եւ ճնշող իրերը։ Եթե օձը կծել է վերջույթը ապա անշարժացրեք այն եւ պահեք սրտի մակարդակից ցածր։ Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։ Թունավոր օձի կծելու դեպքում ճշմարիտ է հետեւյալ ասացվածքը՝ "Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են"։ Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարեւոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել պասսիվ կերպով` բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան եւ այլն։ Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք եւ համապատասխան առաջին օգնություն ցուցաբերեք։


Ի՞նչ չի կարելի անել
 
Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի կծածների դեպքում.


Մի՛  արտածծեք թույնը բերանով՝ բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։ 
Կծած տեղի շրջանում կտրվածքներ
եւ այրվածքներ  մի արեք, քանի որ ցավն արագացնում է արյան շրջանառությունը,ինչը նպաստում է թույնի տարածմանը։ 


Մի
՛ օգտագործեք սառը թրջոցներ եւ սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին եւ կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։ 
Օձերի կծածների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
 
Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. որոնք եւս արագանցում են արյան շրջանառությունը։
 

 

Նելլի Հովհաննիսյան <<Գյումրի>> բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, Լուսինե Կավեյան <<Գյումրի>> բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բուժքույր