Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Ընդհանուր տեղեկություններ / Ինչ է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը

Ինչ է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը 25.08.2014

«Սառցե դույլ» ֆլեշմոբի հիմնական նպատակն է տեղեկատվություն տարածել շատերին անհայտ մի հիվանդության՝ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի մասին։ Սակայն համաձայնվեք, որ գլխին սառցե ջուր լցնելը այնքան էլ ինֆորմատիվ չէ։ Այնպես որ, տեղեկություններ այս հիվանդության մասին կարող եք ստանալ NEWS.am Medicine-ի այս նյութից։

 

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի դանդաղ զարգացող, սակայն անբուժելի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են շարժական նեյրոնները, ինչի հետեւանքով մկանները կաթվածահարվում են եւ հետագայում ենթարկվում ատրոֆիայի, որի արդյունքում հիվանդը չի կարողանում քայլել, երբեմն էլ՝ շարժվել եւ խոսել։ Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը վաղ թե ուշ սպանում է հիվանդին՝ ախտահարելով եւ կաթվածահարելով նրա շնչառական համակարգի մկանները։

 

Առաջին անգամ այս հիվանդությունը նկարագրել է Ժան-Մարտեն Շարկոն՝ դեռ 1869 թվականին, այդ պատճառով էլ հիվանդությունը որոշ երկրներում հայտնի է որպես «Շարկոյի հիվանդություն»։

 

Ախտանիշները

 

Հիվանդության վաղ ախտանիշներն են մկանների թուլությունը, վերջույթների թմրածությունը, ցնցումները եւ խոսքի դժվարացումը։ Սակայն խնդիրն այն է, որ բոլոր այս ախտանիշները հատուկ են նաեւ մի շարք այլ հիվանդությունների, ինչի պատճառով ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ախտորոշումը նկատելիորեն դժվարանում է. հաճախ այն ախտորոշվում է բավականին ուշ, երբ հիվանդի մոտ մկանների ատրոֆիա է սկսվում։

 

Ահա եւս մի քանի ախտանիշ, որոնք կարող են ի հայտ գալ ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի ժամանակ.

 

  • ծանր դեպրեսիա,
  • ծիծաղի կամ լացի անբացատրելի նոպաներ,
  • ընդհանուր թուլություն,
  • սպազմեր,
  • հավասարակշռության կորուստ,
  • ախտաանական ռեֆլեքսներ,
  • շնչառական խանգարումներ,
  • կլման ակտի դժվարացում,
  • շողացող առիթմիա:

 

Ռիսկի գործոնները

 

Տարեկան 100 000 մարդուց մոտ 1-2-ի մոտ ախտորոշվում է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ։ Սովորաբար հիվանդությունն ախտահարում է 40-60 տարեկան մարդկանց։ Հիվանդության ծագումը եւ պատճառները դեռեւս հայտնի չեն. հիվանդների մոտ 5-10 տոկոսի մոտ այն ժառանգական բնույթ է կրում, իսկ թե ինչու է զարգանում առանց ժառանգական նախահիմքի՝ հայտնի չէ, այդ պատճառով, ռիսկի գործոնների մասին խոսելը բավականին դժվար է։

 

Այս պահին մասնագետները պնդում են, որ հիվանդության դեպքերի մեծամասնությունը ոչ մի կապ չունի ո՛չ ժառանգականության, ո՛չ նախկինում ունեցած այլ հիվանդությունների կամ վնասվածքների, ո՛չ էլ շրջակա միջավայրի ախտոտվածության հետ։

 

Բուժումը

 

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը դեռեւս անբուժելի հիվանդություն է համարվում, սակայն գոյություն ունի դեղամիջոց, որը դանդաղեցնում է հիվանդության ընթացքը եւ շարժական նեյրոնների վնասվելու արագությունը։

 

Սովորաբար ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ ախտորոշմամբ հիվանդն ապրում է մոտ 3-5 տարի, սակայն բժշկությանը հայտնի է երկու դեպք, երբ հիվանդները շատ ավելի երկար են ապրել եւ մինչեւ օրս էլ կենդանի են. առաջինը հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգ է, ում մոտ հիվանդությունը ախտորոշվել է 1960 թվականին, իսկ երկրորդը կիթառահար Ջեյսոն Բեքքերն է, ում մոտ հիվանդության առաջին ախտանիշներն ի հատ են եկել 1989 թվականին։

 

Սկզբնաղբյուր. med.news.am